Դուք եք պետության վաղվա հենասյունը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը` դպրոցների շրջանավարտներին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին: Դրանում ասված է.
«Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր և ուղենշային օրվա կապակցությամբ: Գիտեմ, որ շատ հարցեր ունեք. դրանց մի մասի պատասխանները վստահաբար գտել եք դպրոցի և ձեր ուսուցիչների շնորհիվ։ Հարցերի մեծ փնջի համար էլ այս պահին պատասխան չունեք և ձեր կյանքի հաջորդ փուլերում փորձելու եք գտնել այդ պատասխանները՝ սխալվելով ու հաջողելով, հիասթափվելով և ոգևորվելով, կասկածելով ու վստահելով։ Կարևոր է, որ այդ հետաքրքիր ու բազմաշերտ ճանապարհին պահեք հիմնական առանցքն ու արժեքները:
Որ ասպարեզում էլ ձեր ջանքը դնեք, եղեք հաստատակամ ու փորձեք անել լավագույնը, եղեք հոգատար հանրության առջև, պատասխանատու և պահանջատեր՝ պետության առջև, սովորեք սիրել ու ներել, ինքներդ ձեզ համար ձևակերպել և պահել ձեր սկզբունքներն անորոշ ու բարդ իրավիճակներում, մտածել ձեր որոշումների և արարքների հետևանքների ու ազդեցության մասին։
Մի՛ վախեցեք սխալներից. դրանք անխուսափելի են: Դժվարությունները հաղթահարելու և առաջ գնալու հաստատակամությունը ձեզ կդարձնի ուժեղ, ամուր և հասուն։ Դուք արդեն տեսել եք համավարակը ու դաս արել անսովոր պայմաններում, անցել եք պատերազմի օրերով՝ շատերիդ դասարաններում հյուրընկալելով Լեռնային Ղարաբաղի երեխաներին։ Դուք արդեն տեսել եք իրավիճակներ, որոնք շատ հաճախ թվում էին գրքային ու անիրական։ Այս փորձառությունը մեզ բոլորիս շատ բան է սովորեցրել ու դեռ շատ բան պիտի սովորեցնի։
Բաց պահեք ձեր միտքը՝ անընդհատ սովորելու համար։ Հիշեք, որ դուք եք պետության վաղվա հենասյունը, և ձեր անձնական պատասխանատվությունից է սկսվում զարգացած հասարակության կայացումը, որտեղ մարդն ու նրա երջանկությունը, պետությունն ու հայրենիքը գլխավոր արժեքներ են:
Սիրելի՛ շրջանավարտներ, մի քանի օրից կմեկնարկեն ավարտական և ընդունելության քննությունները. լավագույն արդյունքներ ապահովելը թույլ կտա գնալ նպատակների իրագործման ճանապարհով: Մաղթում եմ ձեզ լուսավոր ուղի, բազում հաջողություններ։ Բարի երթ»: