Մադրիդում զանգվածային անկարգություններ են սկսվել փողոցային առեւտրականի մահվանից հետո
Ուշադրության կենտրոնումՄադրիդի կենտրոնում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ ծագումով Աֆրիկայից փողոցային առեւտրականի մահվանից հետո, տուժածներ կան իրավապահների եւ հուզումների մասնակիցների շրջանում, հայտնում է Pais պարբերականը:
Ոստիկանությունում աղբյուրների տեղեկություններով՝ ծագումով Սենեգալից 35-ամյա Մամե Մբագեն մահացել է սրտային անբավարարությունից: Սակայն ականատեսները եւ տղամարդուն ճանաչողները հայտարարում են, որ նրա մահը հետապնդման հետեւանք էր, որը ոստիկաններն իրականացրել են փողոցային առեւտրականների դեմ, որոնցից մեկն էլ մահացած սենեգալցին էր: Նա Իսպանիա էր եկել 14 տարի առաջ եւ կեցության իրավունք չուներ:
Հինգշաբթի երեկոյան Մադրիդի Լավապյես շրջանում, որտեղ բնակվում էր Մբագեն, հավաքվել է մոտ 200 ցուցարար, որոնք բղավել են «Սոցիալական, այլ ոչ ոստիկանական պետություն», «Մարդասպան ոստիկաններ» եւ «Ոստիկաններ, դուրս Մադրիդից» կարգախոսներ:
Այնուհետեւ անկարգությունները տարածվել են հարակից թաղամասեր, որի մասնակիցներն ավերել են ավտոբուսների կանգառներ ու բանկային բաժանմունքներ, այրել են աղբի կոնտեյներները եւ ոստիկանական ավտոմեքենաներ: Նրանց դեմ օգտագործվել են ռետինե փամփուշտներ:
Հաղորդվում է, որ բախումների ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել առնվազն 10 ոստիկան եւ 4 քաղաքացի: