Նաիրա Նահապետյանը ամաչում է, որ ինքն էլ է կին , ԵԾ-ի անդամներն էլ
ՔաղաքականությունAraratnews.am-ը գրում է.
Araratnews.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երեւանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենում գարշահոտության պատճառ դարձած կոյուղաջրերից տարաներով հոտած ջուր էին բերել: Նրանք դա ցանկանում էին նվիրել Տարոն Մարգարյանին` այս կերպ ցանկանալով բարձրաձայնել Նուբարաշենում տիրող իրավիճակի մասին: Երեւանի ավագանու ՀՀԿ անդամները քաշքեցին ԵԾ-ի անդամներին` նրանց ուժով դուրս բերելով նիստերի դահլիճից:
Ներկայացնում ենք Araratnews.am-ի զրույցը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի հետ:
Ի՞նչ էր կատարվում նիստերի դահլիճում: Դուք ականատես եղե՞լ եք:
Այո՛, առաջին կարգում էլ նստած էի: Ես, ճիշտն ասած, չէի տեսել, իրենք արդեն հագել էին դիմակներն ու ձեռնոցները եւ կարողացան հասնել առաջին հատված, ձեռքերին ինչ-որ նյութեր կային: Այս պահին չեմ կարող ասել` ինչ է, լաբորատոր ստուգում է անցնում, բայց ազոտային թթու կար մեջը, որովհետեւ խայտառակ հոտ էր գալիս: Ինքը բերել էր ոչ թե ցույց տալու, այլ բերեց շփեց քաղաքապետի վրա եւ առաջին շարքում նստածների վրա:
Վախեցե՞լ էիք:
Մենք` ճիշտն ասած, չէ՛, բայց երկրորդ շարքում նտած էր Մարտին Վարդազարյանը` մեր մաեստրոն, նա սրտի խնդիր ունի, եւ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Տեղի ունեցածը համարո՞ւմ եք պայքարի եղանակ, որպեսզի բարձրաձայնվի բնակիչների խնդիրները:
Ես կարծում եմ, որ նրանց պահվածքը ընդհանրապես պայքարի ձեւ չէ: Մարդը պայքարում է, եթե օգնում է, աջակցում է: Եթե իրենք գալիս եմ միայն վիրավորելու, էս ամեն ինչը արդեն գլխեց, էդ նյութերը բերելով, շփելով իրանց գործընկերների վրա, ո՞նց կարելի է նման բան անել, ես շատ եմ ամաչում, որ իրանք ընդհանրապես կին են կոչվում, ո՞նց կարող է հայ կինն ընդհանրապես այդ մակարդակին իջնել:
Ձեր խմբակցության անդամները հարվածում էին նրանց, նույն Գոռ Վարդանյանը` օրինակ:
Ճիշտն ասած, ոչ ոք ոչ ոքի չէր հարվածում: Բոլորը փորձում էին նրա ձեռքից դա վերցնեին եւ դուրս բերեին դահլիճից, իրանք հարվածում էին տղաներին, բոլորը դա նկարահանել են, ոնց ա ինքը խփում տղաներին, ոտքերով էր հարվածում, բռնում էին օձիքից, իսկ տղաները ի պատասխան փորձում էին ձեռքերը բռնել եւ դահլիճից դուրս բերել:
Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի