Մանրամասներ՝ Երեւանի նոր երթուղային ցանցի մասին
ՀասարակությունԵրեւանի քաղաքապետի տեղակալ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը Մեդիամաքսի հետ զրույցում հույս է հայտնել, որ տարեվերջին Երեւանում հնարավոր կլինի օգտվել նոր, ժամանակակից երթուղային ցանցից։
Վերջերս WYG խորհրդատու կազմակերպությունը ներկայացրել է Երեւանի երթուղային նոր ցանցի նախագիծը, որն ամբողջությամբ տարբերվում է գործողից։
Նոր նախագծով՝ շուրջ երեք անգամ կրճատվելու է առկա տրանսպորտային միջոցները։ Դրանք գործելու են փոխլրացման սկզբունքով։ Բացառվելու է գործող միկրոավտոբուսների շահագործումը, որոնք փոխարինվելու են ավտոբուսներով, տրոլեյբուսներով։
Վահե Նիկոյանի խոսքով՝ բարձր հաճախականությամբ երթուղային ցանց է նախագծվել՝ 7 րոպե 55 վայրկյան պարբերականությամբ։ Նոր ցանցը նախատեսում է, որ հասարակական տրանսպորտի շահագործումը կսկսվի առավոտյան 06:45-ից՝ շարունակվելով մինչեւ 00:00-ն:
11 հիմնական երթուղիներ
Լինելու են 11 հիմնական երթուղիներ, որոնք սպասարկվելու են մեծ՝ 18 մետր երկարությամբ, 150 ուղեւոր սպասարկող միակցված ավտոբուսներով: Մնացած երթուղիները սպասարկվելու են մեծ եւ միջին ավտոբուսներով։
Եթե այսօր ուղեւորների շուրջ 96 %-ը մի կետից մյուսը հասնում է առանց տրանսպորտային միջոցը փոխելու, ապա նոր ցանցի նախագծով, ուղեւորների գրեթե կեսը ստիպված կլինի կատարել մեկ կամ երկու տեղփոխ։ Միջին սպասելաժամանակը կլինի մոտ 3 րոպե։