Օսլոյում կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում 40 րոպե «լվացվելուց» հետո
TVՕսլոյում Զերո մականունով կատուն լվացքի մեքենայի մեջ է հայտնվել և 40 րոպե «լվացվել» +30 աստիճանի և բրդյա գործվածքների համար նախատեսված ռեժիմում։ Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ նորվեգական NRK-ին հղումով։
Կատուն լվացքի մեքենայում է հայտնվել, երբ սարքի մեջ են դրել լվացքի համար նախատեսված կտորեղենը։ Կատվին այնտեղ է հայտնաբերել 14-ամյա Յոակիմը։
«Նա թրջվել էր ամբողջությամբ, ավելի նիհար ու փոքրացած տեսք ուներ, քան նախկինում։ Նա դժվարությամբ էր կողմնորոշվում տարածքում, և նրա մոտ սրտխառնոց սկսեց»,- պատմել է երեխան։
Կատվին տարել են անասնաբուժական կենտրոն, որտեղ նրան կաթիլային են միացրել։ Երկու օրից կենդանին վերադարձել է տերերի մոտ, որոնք արդեն շատ ուշադիր են զննում լվացքի մեքենան մինչ այն միացնելը։