Արցախի ԱԺ պատգամավորները գերմանացի իրենց գործընկերների հետ քննարկել են Եվրոպայում ինքնորոշման գործընթացները
ՔաղաքականությունՆոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները հյուրընկալել են Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգին, ով նախօրեին Ստեփանակերտ է ժամանել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի ուղեկցությամբ:
Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գերմանացի պատգամավորը հետաքրքրվել է Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի դասավորվածության և գաղափարական ուղղվածության մասին, ինչպես նաև որոշակի տեղեկատվություն հաղորդել Գերմանիայում իր կուսակցության ունեցած քաղաքական դերի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունները, մասնավորապես անդրադարձել Եվրոպայում տեղի ունեցող ինքնորոշման գործընթացներին: Մտքեր են փոխանակվել նաև Գերմանիայում Արցախի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տարածման վերաբերյալ: