ԱՄՆ-ն Կորեայում ռազմավարական սպառազինություն կտեղակայի
ՄիջազգայինԱՄՆ-ն մտադիր է Կորեայի Հանրապետությունում տեղակայել իր ռազմավարական սպառազինությունը։ Այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվել է շաբաթ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի ու նրա հարավկորեացի գործընկեր Սոն Յոն Մուի Սեուլում կայացած բանակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սպառազինությունը տեղակայվելու է ռոտացիոն հիմքերով։ Աղբյուրը նշում է, որ կողմերը հաստատել են Կորեական թերակղզում ԱՄՆ ռազմավարական սպառազինությունների տեղակայումն ակտիվացնելու ծրագրերը։ Մեթիսն ու Սոն Յոն Մուն նաեւ հաստատել են հետագայում համատեղ զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտությունը՝ հյուսիսկորեական սադրանքներին միասնական պատասխանին պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով։ Մեթիսը հայտնել է, որ ԱՄՆ-ն չի աջակցում Հարավային Կորեայում ամերիկյան մարտավարական միջուկային զենք տեղակայելու գաղափարը։ Նրա խոսքով՝ այդ քայլը կարող է բացասական ներգործություն ունենալ միջուկային զենքի չտարածմանն ուղղված գլոբալ ջանքերի վրա։