Ոստիկանը փողոցում հանել է զենքն ու սպառնացել, որ կսպանի. պատճառը եղել է ամրագոտի չգցե՞լը
ՀասարակությունՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ս. Մկրտչյանը հայտնել է, որ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին երկու տեսուչների հետ հակաթմրանյութային միջոցառման շրջանակներում ծառայություն իրականացնելիս Շիրակի մարզի համապատասխան պահակետում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան եւ զրուցել վարորդ Մ. Գեւորգյանի հետ: Այդ ընթացքում իրենց է մոտեցել վարորդի եղբայրը` նույն պահակետում կայանված «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ֆ. Գեւորգյանը, ով հայհոյել է իրեն եւ ծառայակիցներին, փորձել ծեծի ենթարկել եւ սպառնացել, որ կսպանի:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Ֆ. Գեւորգյանը, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ վերը նշված երեք ոստիկաններից մեկը վիրավորել է իրեն, հետո վերցրել զենքը եւ սպառնացել, որ կկրակի: Բացի այդ, եղբորից՝ Մ. Գեւորգյանից տեղեկացել է, որ ամրագոտին ամրացված չլինելու համար ոստիկանները նրանից 5000 ՀՀ դրամ կաշառք են պահանջել:
Ոստիկանության աշխատակցի կողմից Ֆ. Գեւորգյանի ուղղությամբ զենք պահելու եւ կրակելու սպառնալիք տալու հանգամանքի մասին նույնաբովանդակ հաղորդումներ են տվել նաեւ Մ. Գեւորգյանը եւ պահակետում կայանված «Միթսուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կատարված` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար: