Թուրքիան Քուրդիստանի իշխանությանը հորդորել է չեղարկել հանրաքվեի արդյունքները
ՄիջազգայինԻրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեի արդյունքների սառեցումը բավարար միջոց չէ, անհրաժեշտ է դրանք ամբողջովին չեղյալ հայտարարել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Բարզանին մեկ քայլ հետ է արել: Բայց հանրաքվեի արդյունքների սառեցումը բավարար միջոց չէ, անհրաժեշտ է դրանք ամբողջությամբ չեղյալ հայտարարել: Մենք Բարզանիին մտերմաբար ասել ենք, թե ինչի կարող է հանգեցնել այդպիսի անպատասխանատու վարքը: Այժմ մենք ստիպված ենք որոշ միջոցներ ձեռնարկել։ Պայմանավորվել ենք Իրաքի կառավարության հետ, որպեսզի նրանք սահմաններում հսկիչ անցակետերը հսկողության տակ առնեն: Նրանք այժմ դրանով զբաղվում են»,- Անկարայում լրագրողներին է ասել Չավուշօղլուն:
Չորեքշաբթի Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը Իրաքի կառավարությանն առաջարկել է դադարեցնել կրակը եւ երկխոսություն սկսել, ընդ որում, ինքնավարության իշխանություններն իրենց կողմից պատրաստակամություն են դրսեւորել սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները:
Ինչպես դրան ի պատասխան հայտարարել է վարչապետ Հայդեր ալ Աբադին, Իրաքը կհամաձայնվի միայն անկախության հանրաքվեի արդյունքների չեղյալ հայտարարելուն, այլ ոչ թե դրանց սառեցմանը։