Երկքաղաքացիություն ունեցող անձի՝ զինծառայություն անցնելու հետ կապված իրավունքները չեն փոխվում. ՊՆախարար
ՔաղաքականությունԵրկքաղաքացիություն ունեցող անձը համարվում է Հայաստանի քաղաքացի եւ զինվորական պարտադիր ծառայություն անցնելու հետ կապված նրա իրավունքները չեն փոխվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ՊՆախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցին ՝ արդյոք այս կետը չի նպաստի այն բանին, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից:
«Անկախ այն հանգամանքից, այլ երկրում զինծառայություն անցել են, թե չէ, Հայաստանում զինվորական ծառայության պարտականությունից չեն ազատվում: Բայց նաեւ ասում է, եթե քաղաքացի չէր, ծառայել էր, հետո ձեռք է բերել քաղաքացիություն, ազատվում է: Վտանգ եմ տեսնում, որ կհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, այդպես չե՞ք կարծում»,-հարցրեց նա:
Ի պատասխան նախարարը նշեց. «Այս ձեւակերպման հիմքում ընկած է մեր սահմանադրական նորմը եւ մեր սահմանադրական իրավունքի այն ընկալումը, որ ՀՀ-ի տեսանկյունից երկքաղաքացին Հայաստանի քաղաքացի է, այսինքն՝ նրա իրավունքները չեն փոխվում»: