Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում սոցիալ-դեմոկրատներն աջերից առաջ են անցել
ՄիջազգայինԱվստրիայի խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններում Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ընտրողների ավելի շատ ձայներ է ստացել, քան աջ ազգայնական «Ազատություն» կուսակցությունը՝ ըստ վաղաժամ հանձնված քվեաթերթերի հաշվարկի։ Ընտրական հանձնաժողովը դեռեւս պետք է հաշվի մոտ 36 հազար քվեաթերթ, իսկ սոցիալ-դեմոկրատները արդեն 26,9 տոկոս ձայներ են ստացել ընդդեմ աջերի 26 տոկոս ձայների, հայտնում է երկրի ՆԳՆ կայքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը նախկինի պես քվեարկության առաջատարն է՝ ստանալով ընտրողների 31,5 տոկոս ձայները:
Խորհրդարան են անցել նաեւ NEOS եւ «Պետեր Պիլցի ցուցակ» կուսակցությունները՝ համապատասխանաբար 5,3 եւ 4,4 տոկոս ձայներով, սակայն խորհրդարանում ներկայացված չեն լինի նախկինում վերջինիս մեջ ընդգրկված «Կանաչները», որոնք այս անգամ ստացել են ձայների միայն 3,8 տոկոսը՝ չհաղթահարելով 4 տոկոսի շեմը:
Ազգային խորհրդի կազմի մեջ են մտնում 183 պատգամավոր, որոնք ընտրվում են միայն կուսակցական ցուցակներով:
Սպասվում է, որ հաշվարկի վերջնական արդյունքները կհրապարակվեն հինգշաբթի՝ հոկտեմբերի 19-ին: