«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է, օր ութերորդ
ՀասարակությունԵրևանի ծննդյան 2799-րդ տարեդարձին ընդառաջ «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագրի շրջանակում հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամում բնակվող անօթևաններին հերթական անակնկալն է մատուցել Երևանի քաղաքապետարանը: Մասնավորապես, հիմնադրամ է այցելել քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և մայրաքաղաքի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորանքներ և նվերներ՝ կենցաղային տեխնիկա փոխանցել անօթևաններին:
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամում հրավիրված խորհրդակցության ժամանակ Ռուզաննա Զաքարյանը Երևանի վարչական շրջանների սոցիալական բաժինների պետերի և անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրինության հետ քննարկել է 2017 թվականի ցուցանիշները, ինչպես նաև վերջին օրերին ոստիկանության հետ կատարած գիշերային շրջայցերի արդյունքները: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչության պետը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հետևողականությամբ շրջայցեր իրականացնել մայրաքաղաքի հանրային վայրերում, որտեղ կարող են հայտնվել կամ գիշերել անօթևան անձինք՝ նրանց համապատասխան սոցիալական օգնություն ցուցաբերելու նպատակով: