«Ծառուկյան դաշինքի » ներդաշնակ, համակարգված ու կոորդինացված գործունեությունից հուզվածներ ու զոհվածներ կան». Վարդան Բոստանջյան
ՔաղաքականությունԱյսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը անցյալ շաբաթ «Ժամանակ»-ի հետ զրույցում խոստորեն քննադատել էր կառավարությանը, իսկ նրա կուսակից Վարդան Բոստանջյանը, ով չափազանց շատ է սիրում այս և առհասարակ բոլոր վարչապետներին, կառավարություններին ու ընդհանրապես իշխանություններին, նրան հրապարակայնորեն՝ մամուլով մեղադրել է դպրոց չգնալու և գիտելիքի պակասի մեջ։
Հասկանալու համար, թե արդյոք տարածված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը Orer.am–ը զրուցեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ. «Շատ մարդ շատ բան կարող է ասել: Տարիներ առաջ էլ մի նման բան ասացին, դա ցեխ շպրտելու ձեւ է, այդ ժամանակ ես պատասխանեցի, որ ես իմ կնոջ մարդն եմ, ոնց կարող եմ ես կառավարության կամ որեւէ մեկի մարդը լինել: «Ժամանակ» թերթի այդ հոդվածը համարում եմ անհեթեթություն, որոշները դա տպագրել են, պարզ է՝ ոմանց հանձնարարականով: Իմ խորին համոզմամբ, տվյալ մարդիկ կասկածելի բարոյականության տեր մարդկանցից ծնվածներ են», -ասաց պատգամավորը` հավելելով. «Ում ուզում են՝ թող խառնեն, բայց Բոստանջյանին նման հարցերում խառնել չեն կարող: Անգամ իմ հայրն ինձ չի կարողացել հանձարարություն տալ, վարչապետը ոնց կարող է հանձնարարել: Այս պարագայում կան հուզվածներ ու զոհվածներ` «Ծառուկյան դաշինքի» ներդաշնակ, համակարգված ու կորդինացված գործունեությունից: Բնական է, որ այդ անհանգստությունը պահանջում ու ստիպում է իրենց՝ նման քայլերի գնալ»: Ինչ վերաբերվում է Միքայել Մելքումյանի հետ հարաբերությունների սրմանը, պատգամավորն ասաց. «Ինչ վերաբերվում է Միքայել Մելքումյանին, ում հետ իբր ինձ ուզում են կռվացնել, ասեմ` այդ հոդված գրողները դեռ ծնված չէին, երբ մենք ընկերներ էինք: Նրա մակարդակը ես չ՝, որ պետք է ներկայացնեմ, դուք ինքներդ տեսնում եք նրա գործունեությունը»: