Մաքուր ադրբեջանական նախանձ
ՎերլուծությունԱդրբեջանը փաստորեն բավական մեծ նախանձով է նայում Հայաստանի Արտաքին գերատեսչության ղեկավարի կողմից նորանոր պետություններ հայտնագործելու ակտիվ նախաձեռնությանը: Թերևս այս մասին է վկայում սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի և Վանուատուայի միջև կնքված համաձայնագիրը, որով դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում երկու երկրների միջև:
Սակայն պետք է շնեծ, որ գոնե այս հարցում Ադրբեջանն ու վերջինիս արտգործնախարար Մամեդյարով դեռ շատ «հաց ու պանիր պետք է ուտեն» Նալբանդյանին հասնելու համար: Նույն սեպտեմբերի 22-ին Հայաստանը դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր էր ստորագրել Նաուրուի հետ, որի հայտնագործությունը, ինչպես արդեն հասկացաք, Էդուարդ Նալբանդյանի «ձեռքի գործն է»:
Բացի այս, սեպտեմբերի 21-ին էլ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել Պալաուի հետ: Այլ կերպ ասած, գոնե այս հարցում Հայաստանի Արտաքին գերատեսչության ղեկավարն անգերազանցելի է, ու ինչքան էլ նրա ադրբեջանցի գործընկերը ջանքեր թափի, միևնույնն է նորանոր պետություններ հայտնագործելու և դրանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում Էդուարդ Նալբանդյանը մրցակիցներ չունի:
Արշակ Սարգսյան