Ո՞վ է ստում՝ վարչապետը, թե ԿԳ նախարարը
ՔաղաքականությունՌուսերենի ուսուցման հայեցակարգի շուրջ կենացները գնալով քաղցրանում են։ «Եռաբլուր» այցելության ընթացքում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը ուղղակիորեն հայտարարեց, որ որևէ հանձնարարական չի տվել ռուսերենի ուսուցման հայեցակարգի վերաբերյալ։ Այս հայտարարությունը ըստ էության շատ դրամատիկ նրբերանգներ ունի։ Կրթության նախարարությունը համաձայն կառավարական հանձնարականի հայեցակարգ է մշակում, ձեռքի հետ տարբեր «կռուտիտներ» հորինում, հայտնվում ֆեյսբուքյան «անխնա քննադատության թիրախում», իսկ հետո պարզվում է վարչապետը նման հանձնարարական չի տվել։
Թե ինչ է ստացվում այս թնջուկից դժվար է ասել, դժվար է ասել անգամ, թե եղել է հանձնարարական ի վերջո, թե չի եղել, կամ գուցե եղել է սակայն մի փոքր այլ ձևակերպմամբ, ինչևէ, դա արդեն իսկ կարևոր չէ։ Կարևորը թերևս այն ենթատեքստերն են, որոնք առաջ են գալիս այս իրավիճակում, իսկ այդ ենթատեքստերը առավել քան ակնհայտ են։ Ամենայն հավանականությամբ վարչապետը պայքար է նախաձեռնել դաշնակցական նախարարների դեմ։ Չնայած տարբեր հավաստիացումներին, վարչապետի և Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ջրերը վաղուց արդեն նույն առվով չեն հոսում, հերթը փաստորեն հասել է Կրթության նախարար Լևոն Մկրտչյանին, քանի որ փաստացի վարչապետը նշում է որ ԿԳ նախարարը ստում է։
Սա արդեն զավեշտալի իրավիճակ է, քանի որ վարչապետը կամ ԿԳ նախարարը ստախոս են, կամ Կրթության նախարարությունը զբաղված է ինքնագործունությամբ, կամ էլ պարզապես Հայաստանի կառավարության գերատեսչությունները տեղյակ չեն մեկը մյուսից։ Նշված բոլոր դեպքերում էլ իրավիճակը հուսադրող չէ։
Կարեն Հակոբյան