Ադրբեջանին զենք վաճառելու հարցը ռուսական կողմի հետ քննարկվում է տարբեր հանդիպումներում. Նալբանդյան
Ուշադրության կենտրոնումՌուսաստանը Հայաստանի դաշնակիցն է ու գործընկերը, եւ բնականաբար, Ադրբեջանին զենք վաճառելու հարցերը կարող են քննարկվել տարբեր հանդիպումների ընթացքում: Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այս մասին հայտարարեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում «Հրատապ արտաքին քաղաքական մարտահրավերներ եւ Հայաստան-Սփյուռք համագործակցություն» հարթակում պատասխանելով Ադրբեջանին Ռուսաստանի կողմից սպառազինության վաճառքին վերաբերող հարցին:
Նախարարը համակարծիք չէ այն տեսակետին, որ Ռուսաստանի այս դիրքորոշումը Հայաստանին մեկուսացնում է կամ մեզ վնաս հասցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում: Ըստ ԱԳ նախարարի՝ Ռուսաստանը Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ միասին գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին համապատասխան: Միջազգային ասպարեզում չկա մի հակամարտություն, որտեղ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն նույն դիքորոշումն ունենան: Նրանց է միացել նաեւ Ֆրանսիան, որը Եվրամիությունն է ներկայացնում: Համախագահները հայտարարություններ են կատարում, որ իրապես նպաստեն բանակցային գործընթացի առաջմղմանը: Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը: Մինչ օրս ձեւացնում է, որ նման հայտարարությունները գոյություն չունեն»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ հայկական կողմերի մոտեցումը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին :