Գերմանիան է՛լ ավելի կսահմանափակի Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը. Մերկել
Ուշադրության կենտրոնումԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որպեսզի կարողանա հասնել այդ երկրում կալանավորված գերմանացիների ազատ արձակմանը:
Ինչպես նշում է tass.ru-ն, այդ մասին Մերկելն ասել է Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում:
«Մենք ստիպված կլինենք ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունն ու վերանայել նախագծերը»,- ասել է գերմանացի առաջնորդը:
Կանցլերն իր վրդովմունքն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Թուրքիայի ազատազրկման վայրերում առ այսօր կան Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիներ:
«Մենք անազատության մեջ գտնվողներին հյուպատոսական օգնություն ենք տրամադրում որքանով որ դա հնարավոր է: Ցավոք, թուրքական կողմը նույնիսկ դա է որոշ դեպքերում բարդացնում»,-շարունակել է Մերկելը:
Գերմանիայի իշխանությունների տվյալներով՝ թուրքական ազատազրկման վայրերում պահվում է Գերմանիայի ավելի քան 50 քաղաքացի, և դեպքերի մեծ մասում խոսքը քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների մասին է: Դրանց ֆոնին գերմանացի քաղաքական գործիչները խստացրել են Անկարայի նկատմամբ հռետորաբանությունը:
Ակնկալվում է, որ հոկտեմբերին կքննարկվի Թուրքիայի՝ Եվրոպական միության անդամ դառնալու շուրջ բանակցությունների պաշտոնական դադարեցման հարցը: