Ուկրաինայի ՆԳՆ-ն Սահակաշվիլիի գործողությունները սադրանք է համարել
Ուշադրության կենտրոնումՈւկրաինայի խորհրդարանի պատգամավոր, Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցների գործողությունները սադրանք է համարել: Նրա խոսքով՝ մասնակցած բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատգամավորները:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Գերաշչենկոն Facebook-ի իր էջում նշել է, որ «Ուկրաինայի պետական սահմանն ապօրինի անցած սադրիչների գլխավոր նպատակն էր արյունահեղության հասնելը, որը կուղեկցվեր իրավապահ մարմինների կողմից բռնության տեսարաններով: Սադրիչներին չհաջողվեց այս նպատակին հասնել: Հակառակը՝ մտածող բոլոր մարդկանց ակնհայտ դարձավ, որ հանուն Ուկրաինայում իշխանությունը զավթելու ե՛ւ Սահակաշվիլին, ե՛ւ Տիմոշենկոն պատրաստ են նույնիսկ դիակների վրայով գնալու»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սահակաշվիլին սեպտեմբերի 10-ի երեկոյան կողմնակիցների աջակցությամբ «Շեգինի» անցակետում ճեղքել է սահմանապահների եւ իրավապահների շղթան եւ հայտնվել Ուկրաինայի տարածքում:
Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Օլեգ Սլոբոդյանը հայտարարել է, որ Սահակաշվիլին ապօրինի է հատել Ոկրաինայի սահմանը, քանի որ սահմանապահ ստուգում չի անցել: Միջադեպը կքննի ռազմական դատախազության քննչական խումբը՝ ոստիկանության հետ համատեղ: