Դավիթաշենում պայթյունից տուժած երիտասարդին հիվանդասենյակ են տեղափոխել
Ուշադրության կենտրոնումԵրեւանի Դավիթաշեն վարչական շրջանում օգոստոսի 2–ին արկի պայթյունից վիրավորված 20-ամյա Աշոտ Եփրեմյանը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Անոթային բաժանմունք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը: Նա նշեց, որ երիտասարդի վիճակն արդեն լավ է, նա ապաքինվում է:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին՝Ռ. Մ.-ին պատկանող Դավիթաշեն 2-րդ փողոցի 56/2 տան բակում: Պատահարի հետեւանքով երկու մարդ է տուժել՝ Նիկոլ եւ Աշոտ Եփրեմյանները: Տուժածներից 32-ամյա Նիկոլ Եփրեմյանը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը :