Սեւանում ռուս զինծառայողի մահվան պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը. ՔԿ
ՀասարակությունՍեւանա լճում օգոստոսի 13-ին խեղդված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են առաջնային անհրաժեշտ բոլոր դատավարական գործողությունները՝ պարզելու ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները, ստուգելու լճում ջրահեղձ լինելու նախնական վարկածը։ Բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել է, որ զինծառայողը՝ իր երեք զինծառայակից ընկերների հետ օգոստոսի 13-ին՝ ժամը 16-ի սահմանում գնացել են Սեւանա լիճ՝ հանգստանալու, լողացել լճում։
Բացատրություններ են վերցվել ինչպես զինծառայողներից, այնպես էլ լողափում այլ հանգստացողներից, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։ Դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկների տրամադրած նախնական տվյալների համաձայն, զինծառայողի մահվան պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը։
ՀՀ ՔԿ նախագահ հանձնարարությամբ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՌԴ քննչական կոիտեի զինվորական քննչական բաժին։
Հիշեցնենք, որ լճում խեղդված զինծառայողը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 20-ամյա Ռադմիր Ֆիլիպովն է: Նա Սեւան էր գնացել իր 2 ծառայակից ընկերների հետ եւ ջրահեղձ եղել ծառայակիցների աչքի առջեւ: