Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Կնեսետի որոշումը քիչ հավանական է. Զեեւ Էլքին
ՔաղաքականությունԻսրայելի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար, ինչպես նաեւ Երուսաղեմի եւ ժառանգության գործերով նախարար Զեեւ Էլքինը քիչ հավանական է համարում, որ Կնեսետը Գոլոդոմորը ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու որոշում կկայացնի։
«Ես չեմ կարծում, որ Գոլոդոմորի վերաբերյալ որեւէ հռչակագրային որոշում կկայացվի, ինչպես նաեւ այս կամ այն ժողովուրդների մյուս ծանր ու ողբերգական էջերի վերաբերյալ, քանի որ դա չի համապատասխանում մեր խորհրդարանական ավանդույթին։ Մեր խորհրդարանական ավանդույթի համաձայն՝ որպես կանոն, նման հռչակագրեր չեն ընդունվում»,- «Ինտերֆաքս Ուկրաինա»-ի հետ հարցազրույցում ասել է Զ. Էլքինը։
Նա նշել է, որ Իսրայելը նման դիրքորոշում է զբաղեցնում նաեւ այլ ժողովուրդների պատմության ողբերգական էջերի վերաբերյալ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում։
«Իսրայելի խորհրդարանում այդ թեման մի քանի անգամ քննարկվել է, բայց ոչ մի անգամ հռչակագրային որոշում չի կայացվել՝ չնայած գրեթե բոլոր արեւմտյան երկրներում այդ հարցի շուրջ հռչակագրային որոշումներ են կայացվել։ Իսրայելի խորհրդարանը կարծում է, որ անցյալի հարցերը պետք է լուծել ոչ թե քաղաքական գործիչների, այլ պրոֆեսիոնալների շրջանակում»,-ասել է Զ. Էլքինը։