«Խոսրովի անտառ»-ում հրդեհը կանխատեսելի էր. բնապահպան
ՀասարակությունԽոշոր հրդեհներ, ինչպես «Խոսրովի անտառ»-ում, տեղի են ունեն ում ամբողջ աշխարհում։ Այս մասին օգոստոսի 17-ին մամուլի ասուլիսի ժամաակ հայտարարեց բնապահպան Սիլվա Ադամյանը։
Նրա խոսքով՝ առաջին պատճառը կլիմայական փոփոխություններ են։ «Օդերեւութաբանական ծառայությունը մշտապես զգուշացնում էր ուժեղ շոգի մասին»-հիշեցրեց բնապահպանը՝ հավելելով, որ շոգի պայմաններում հրդեհը միանգամայն կանխատեսելի էր։ Ըստ Ադամյանի՝ հրդեհը հանգցնելու համար ԱԻՆ-ի տեխնիկան բավարար չէր. «Իմ տեղեկություններով՝ հողի փոխարեն ուղղաթիռից ցեմենտ էին նետում, ինչը բացառապես անթույլատրելի է»։
«Փաստացի պարզվեց, որ մենք ավիացիոն տեխնիկա չունենք»,-հայտարարեց Ադամյանը՝ տխրությամբ արձանագրելով, որ նույնիսկ Ադրբեջանը նման տեխնիկա ունի։ «Երկրի անվտանգության համար պետք չէ գումար խնայել»-ասաց բնապահպանը՝ հավելելով, ո առանց ռուսական կողմի օգնության չէր հաջողվի ինքնուրույն հանգցնել հրդեհը։
Բնապահպանը նշեց մի շարք խնդիրներ, որոնք հանգեցրեցին աղետին։ Բացի կլիմայակա փոփոխություններից՝ պատճառը երկրի լանդշաֆտի փոփոխությունն է, ծառերը կտրելը։ Իսկ արգելոցում խարույկներ վառելու մասին բնապահպանը կոչ արեց չխոսել՝ այն հրդեհի համար այնքան էլ հավանական պատճառ չհամարելով։
Նրա խոսքով՝ հիմնականում տուժել են սողունները, միջատներն ու մանր կենդանիները։ «Իսկ նրանք հարյուրավորներն են եւ գրանցված Գինեսի գրքում»,-հիշեցրեց Ադամյանը։ Դրական լուրն այն է, որ թռչուններին եւ խոշոր կենդանիներին, ամենայն հավանականությամբ, հաջողվել է փրկվել։ Ադամյանը հավելեց, որ արգելոցը վերականգնելու համար անհրաժեշտ կլինեն տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տարիներ։