Ի՞նչ պայմաններում է Ֆանտան գյուղում տեղի ունեցել մահվան ելքով պայթյունը. ՔԿ-ն մանրամասնում է
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ֆանտան գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։
2017 թվականի օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտյան, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի ճանապարհին ինչ -որ բան է պայթել, որի հետեւանքով կա զոհ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել դեպքի վայրի զննություն։
Նախնական տվյալներով՝ այսօր առավոտյան՝ 06.40-ի սահմաններում, Ֆանտան գյուղի բնակիչներից մեկը, իր խոշոր եղջերավոր անասուններին արոտ ուղարկելու համար գյուղի կենտրոնական հատված տեղափոխելիս, ճանապարհի նկատել է պաշտպանիչ թաղանթով փաթաթված, 10-15 սմ երկարությամբ, սպիտակ լարով իր, որը վերցրել է եւ շարունակել ճանապարհը: Նախկին բաղնիքի մոտ տղամարդը հանդիպել է իրենց խոշոր եղջերավոր անասուններին տեղափոխող, համագյուղացիներ Հրաչիկ Ալթունյանին եւ Գնել Աբրահամյանին, որոնց հետ զննել են հայտնաբերված առարկան: Չհասկանալով, թե հայտնաբերված իրն ինչ է՝ այն նետել են հողերի մեջ եւ շարունակել են ճանապարհը: Ըստ վկաների հայտնած տվյալների՝ Հրաչիկ Ալթունյանը վերադարձել է, գետնից վերցրել նետված առարկան եւ շարունակել զննել, որի ժամանակ էլ պայթյուն է տեղի ունեցել։ Ստացած մարմնական վնասվածքներից Հրաչիկ Ալթունյանը մահացել է, իսկ նրանից 3 մետր հեռավորության վրա գտնվող համագյուղացի Սիրեկան Գեւորգյանը՝ դեմքի եւ որովայնի հատվածում ստացել մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 236-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Որոշումներ են կայացվել՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական եւ դատապայթյունատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին: