ՄԻՊ-ը պահանջել է փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հետապնդումների փաստով վարույթ նախաձեռնել
ՀասարակությունՄասնագիտական գործունեություն իրականացնելու կապակցությամբ փաստաբանին ուղղված սպառնալիքը անթույլատրելի է եւ քրեորեն պատժելի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ՄԻՊ-ը՝ անդրադառնալով փաստաբան Արայիկ Պապիկյանի դեմ ուղղված սպառնալիքներին:
Հաղորդագրությունում ասվում է.
«Հելսինկյան ասոցիացիան հանդես է եկել փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ անձնական բնույթի սպառնալիքների եւ հետապնդումների մասին հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է, թե փաստաբանը սպառնալիքներ բովանդակող էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնք առնչվում են ոչ միայն իրեն, այլ նաեւ իր ընտանիքի անդամներին:
Մասնագիտական գործունեություն իրականացնելու կապակցությամբ փաստաբանի նկատմամբ հատկապես այդպիսի երեւույթի ցանկացած դրսեւորում անթույլատրելի է եւ քրեորեն պատժելի: Իրավապահ մարմիններն այս հարցի կապակցությամբ պետք է անհապաղ վարույթ նախաձեռնեն:
Այս պահի դրությամբ ի գիտություն է ընդունվել, որ Ա.Պապիկյանը իրավապահ մարմիններին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ համապատասխան գրություն է հասցեագրվել իրավասու մարմիններին:
Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաեւ Ա.Պապիկյանի հետ»: