Իրաքը հետաքրքրված է հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
ՄիջազգայինՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն օգոստոսի 14-ին ընդունեց Իրաքի Հանրապետության կապի նախարարության պատվիրակությանը` կապի եւ ենթակառուցվածքների պետական ընկերության (ITPC) գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ-էլայաուվիի գլխավորությամբ:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am_ին հայտնում են, որ Բորիս Դեմիրխանյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց այն ոլորտներն ու ուղղությունները, որոնց շուրջ քննարկումներ ու հանդիպումներ կլինեն պատվիրակության` Հայաստանում գտնվելու 3 օրերի ընթացքում:
Նախարարության առաջարկությամբ` այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բուհերի ու գիտահետազոտական մի քանի ինստիտուտների, հեռահաղորդակցության խոշոր օպերատորների եւ ՏՏ ոլորտի ընկերությունների հետ:
Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ կատարվեց հեռահաղորդակցության ոլորտին։ Նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի տարածքում ինտերնետ ցանցի հասանելիության ցուցանիշները, օպերատորների աշխատանքը, ներդրվող նոր տեխնոլոգիաները:
Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ-էլայաուվին ընդգծեց, որ պատվիրակության այցի նպատակը հենց այս ոլորտում համագործակցության եզրեր գտնելն ու Հայաստանում կայացած ենթակառուցվածքների վերաբերյալ փորձի փոխանակումն է:
Կողմերը քննարկեցին նաեւ Տեղեկատվության մշակման ազգային կենտրոն (Data center) ստեղծելու երկու երկրների մոտեցումները: Իրաքյան կողմը հայտնեց, որ նույնպես հետաքրքրված է ազգային Data center-ի կառուցման ծրագրով, եւ այդ ուղղությամբ նախնական քայլեր արդեն իսկ արվում են:
ՀՀՌՑ ներկայացուցիչը կիսվեց Հայաստանի թվային հեռուստատեսության ներդրման փորձով: Հյուրերը հետաքրքրվեցին գործընթացի մանրամասներով` հայտնելով, որ պատրաստվում են իրականացնել թվային հեռուստացանցի կառուցման ծրագիր, եւ այս ուղղությամբ հնարավոր է համագործակցություն։
Քննարկվեցին նաեւ արբանյակային ծրագրերի շուրջ գործակցության հնարավորությունները:
Քանի որ հնարավոր համագործակցության ուղղությունները բազմաթիվ են, կողմերը նշեցին, որ առաջին այցի արդյունքների ամփոփումից եւ ընդհանրացումից հետո, կուղենշվեն երկուստեք գործակցության հետագա քայլերը: