ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման ինքնաթիռը շուտով կլինի Հայաստանում
Ուշադրության կենտրոնումՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երեւան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաեւ ստեղծել 800 մ երկարությամբ եւ 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։
Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է աշխատելու բարդ իրավիճակներում եւ անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի։
Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը ՀՀ բերելու եւ լիցքավորման համար համապատասխան քանակի ջուր ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: