Թալիշում լայնածավալ շինարարություն է ընթանում
ՀասարակությունՆպատակ կա Թալիշում իսպառ վերացնել պատերազմի հետքը: Այս ուղղությամբ աշխատանքները վաղուց են սկսվել, տեղեկացնում են ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից:
Արցախի Հանրապետության ամենախոշոր շինհրապարակում շինարարության ակտիվ անցուդարձ է: Միանգամից 8 կապալառու կազմակերպություններ աշխատում են ապրիլյան առճակատման հետևանքով ավերված Թալիշը վերականգնելու ուղղությամբ: Հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի շինարարությանը զուգահեռ կատարվել է նախադպրոցական հաստատության հիմքի կառուցումը:
17 առանձնատներում արդեն իրականացվում է վերանորոգում-վերակառուցում, ևս 17-ում`այս ուղղությամբ շուտով աշխատանքներ կսկսվեն: Բոլոր առանձնատներին կից կառուցվում են ապաստարաններ:
Շինարարությանը զուգահեռ կատարվում են նաև քանդման, տարածքի հարթեցման և բարեկարգման աշխատանքներ: Սահմանամերձ Թալիշը շուտով նոր տեսք ու շուք կստանա:
Շինհրապարակում ԼՂՀ քաղաքաշինության նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին, իսկ այսօր խորհրդակցության հրավիրել պատասխանատուներին, տվել համապատասխան հանձնարարականներ, որոնք հիմնականում վերաբերում էին աշխատանքների ժամկետներին և որակին: