Մինչեւ 2036 թ. էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ կմնա
ՀասարակությունՄինչև 2035 թվական էներգետիկ զարգացման հայեցակարգը կառավարության հաստատմանը կներկայացվի մինչև սեպտեմբեր, որով նախատեսվում է մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ թողնել, կառավարության այսօրվա նիստում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարից հետաքրքրվեց. «Մենք 2035 թ. էներգետիկ զարգացման ծրագրին ե՞րբ ենք անդրադառնում»:
Ի պատասխան նախարարը նշեց, որ արդեն երեք անգամ հայեցակարգը ներկայացրել են կառավարություն, բայց հետ են ստացել որոշ դիտողություններով: Հիմնականում դիտողություններն ընդունված են իրենց կողմից:
«Այսօր մենք կարծես թե որևէ խնդիր չունենք, բացառությամբ նրա, որ քննարկման փուլում է կայունացման հիմնադրամի ստեղծման հարցը, որը հնարավրություն կտա պահպանել սակագներն այն մակարդակի վրա, որը կա: Դա ամբիցիոզ ծրագիր է՝ էլեկտրաէնեգիայի սակագները մինչև 2036 պահպանել: Դրա համար փնտրում ենք միջոցներ, որ կայունացման հինադրամ ստեղծենք, ինչը հույս կտա, որ առաջիկա տարիներին սակագների վրա գոնե արտաքին ազդեցությունը կչեզոքացնենք», - ասաց Աշոտ Մանուկյանը: