Կառավարությունը ծրագրում է Դեբեդի վրա ՀԷԿ կառուցել
ՀասարակությունՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Դեբեդ գետի վրա 76 մեգավատտ դրվածքային հզորությամբ Շնող հիդրոկայանի նախագծման և կառուցման շրջանակային համաձայնագրի մասին նախագիծը:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների Աշոտ Մանուկյանը նշեց, որ որոշման ընդունումը բխում է կառավարության ծրագրից: Ըստ նրա, նախատեսվում է ներքին էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ հասնել երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը:
«Գաղտնիք չէ, որ մեզ մոտ թերօգտագործված է մնում Դեբեդ և Արաքս գետերի ջրային ռեսուրսները, և այս նախագիծը նպատակ ունի մասամբ լրացնել այդ բացը», -ասաց Մանուկյանը:
ՀԷԿ-ը կկառուցվի պետություն-մասնավոր հատված ֆինանսական համագործակցությամբ՝ Հայաստանի ներդրողների ակումբ ներդրումային հիմնադրամի հետ համատեղ:
«Սա այս ակումբի շատ խոշոր ծրագրերից է, քննարկվել է շատ մանրակրկիտ», -հստակեցրեց Մանուկյանը:
Ներդրումային ծրագրի արժեքը, նախարարի խոսքով, կարող է տատանվել 150-180 մլն դոլարի շրջանակներում, որը սակայն վերջնականապես կճշտվի նախագծային, նախահաշվային ծրագրի հաշվարկներից հետո:
ՀԷԿ-ը բարդագույն ինժեներական կառույց է լինելու, իսկ բնապահպանական տեսանկյունից՝ անվտանգ: Շահագործման հանձնելուց հետո ՀԷԿ-ը կարտադրի Հայաստանի ներքին սպառման էներգիայի 5 տոկոսը:
«ՀԷԿ-ը, իր տեսակի մեջ լինելով եզակի, կառուցվում է առնվազն 100-ամյակի համար և կապահովի համեմատաբար էժան հիդրոռեսուրսներով երկիրը առաջիկա մի քանի տասնամյակներում», -ասաց նախարարը:
«Լավ ու հեռանկարային ծրագիր է», -արձագանքեց վարչապետը: