Կոշիկի խանութում գողացել են քաղաքացու դրամապանակը
TVՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը հափշտակած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 29-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գործող կոշիկի խանութում քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են նշված խանութում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է երիտասարդ կինը ինչ-որ իր վերցնում այլ կնոջ պայուսակից:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդ կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: