Սահակաշվիլին Վիլնյուս է ժամանել
ՄիջազգայինՕդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որին զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից, Վիլնյուս է ժամանել, որտեղ ռուսական դեսպանատան մերձակայքում մասնակցել է բողոքի ցույցի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ի պատասխան Լիտվայի անձնագիր ստանալու հնարավորության վերաբերյալ լրագրողների հարցին՝ Սահակաշվիլին ասել է, որ ինքը փորձում է վերադարձնել Ուկրաինայի քաղաքացիությունը։
«Ես պետք է վերադարձնեմ Ուկրաինայի քաղաքացիությունը, որն ապօրինաբար խլվել է։ Շատ ուկրաինացիներ մտահոգ են եւ իրենց խաբված կզգան, եթե չպայքարեմ»,- ասել է նա։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրաս Աուշտրյավիչյուսն առաջարկել էր քննարկել Սահակաշվիլիին Լիտվայի քաղաքացիություն շնորհելու հնարավորությունը։