Փհենյանը քննադատել է ամերիկացիներին Հյուսիսային Կորեա այցելելու արգելքի մասին ԱՄՆ-ի որոշումը
ՄիջազգայինԱմերիկացիներին Հյուսիսային Կորեա այցելելու արգելք սահմանող ԱՄՆ-ի որոշումը Փհենյանն անվանել է մարդկանց տեղաշարժվելու ազատությունը սահմանափակելու «կեղտոտ փորձ»։ Այս մասին ասվում է ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Երկրի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ օտարերկրացիները Հյուսիսային Կորեայում ոչնչից չպետք է վախենան։ «Մեր դռները միշտ բաց են բոլոր ամերիկացիների համար, որոնք բարի կամքով մեր երկիր են այցելում եւ ցանկանում են տեսնել մեր իրականությունը»,- ասել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչը։
Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ արգելքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։
Որոշումն ընդունվել է հունիսին երիտասարդ ամերիկացի ուսանող Օտո Ուորմբիերի մահից հետո, որը Հյուսիսային Կորեայում 15 տարվա պատժիչ աշխատանքների էր դատապարտվել՝ քարոզչական պաստառ պատռելու փորձի համար։
Հաղորդագրությունում այդ դեպքի մասին չի հիշատակվում, սակայն նշվում է, որ Փհենյանը «արդարացի պատժում է» ԱՄՆ-ի որոշ քաղաքացիների, որոնք տեղական իշխանությունների դեմ հանցանք են գործում։