Աբխազիայում պայթյունի հետեւանքով երկու ռուս կանայք են զոհվել
ՄիջազգայինԱբխազիայում ռազմական պահեստում պայթյունի հետեւանքով երկու ռուս կանայք են զոհվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի ԱԻՆ մամուլի քարտուղար Միզան Լոմիային:
«Երեք մարդու որոնողական աշխատանքներ էին տարվում: Պարզվում է՝ նրանք ձիով զբոսանքի են դուրս եկել այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը: Մենք երկու զոհերի մարմին ենք հայտնաբերել՝ 1970 թվականին ծնված Ելենա Պոլյակովայի եւ 1962 թվականին ծնված Ելենա Տիմոֆեեւայի: Երկուսն էլ Սանկտ Պետերբուրգից են»,- ասել է Լոմիան:
Ձեռքի կոտրվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1954 թվականին ծնված Լյուդմիլա Դմիտրիեւան:
Պայթյունը որոտացել է չորեքշաբթի Գուդաուտայի շրջանում տեղակայված պաշտպանության նախարարության պահեստներում: 60 մարդ է տուժել, այդ թվում՝ 27 ռուսաստանցի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: