Վարդավառ կամ «հագս լիֆ չկա , չջրեք»
ՎերլուծությունLraber.info-ը գրում է .
Երեկ Հայաստանում նշվում էր վարդավառը կամ ինչպես սովորաբար ասում են վարդևորը-ջրոցին: Տոնն ամենաուրախներից մեկն է Հայաստանում նշվող տոներից: Տոնի թե եկեղեցական խորհուրդը, թե ժողովրդական ընկալումը, այն դարձնում են համընդհանուր սիրելի: Խաղային տարրեր պարունակող ուրախ տոնը, սակայն, հաճախ վերածվում է սեռական սուբլիմացիայի, տհաճ երևույթների, ընդհուպ վեճի:
Տոնի համընդհանուր ուրախության ֆոնին, աչքի է ընկնում արական սեռի ակնհայտ ընդգծված ագրեսիվ վարքն իգական սեռի հանդեպ: Իգական սեռի ներկայացուցիչներին հարկադրաբար ջրելը, նրանց հարկադրաբար ջրավազաններ գցելը, նոր երևույթներ չեն: Աղջիկներից շատերը վարդավառի օրը նախընտրում են տնից դուրս չգալ կամ էլ քաղաքից վաղ առավոտյան փախնել, քանի որ քաղաքում հայտնվելու դեպքում ենթարկվելու են ոչ թե սիմվոլիկ ջրման, այլ հարկադիր սեռական բռնություն հիշեցնող գործընթացի:
Ուրախ տոնն իր արտահայտումներում վեր է հանում հայաստանյան հասարակության, մանավանդ երիտասարդ հատվածի սեռական սուբլիմացիայի մի շարք խնդիրներ: Եվ հարկադրանքով մարդկանց ջրելը տհաճությունից բացի վեր է ածվում նաև վեճի, հարց ու պատասխանի, որն արդեն խամրում է տոնի հիմնական բովանդակությունը:
Տոնի խաղային էությունը փոխակերպվում է հարկադրական տարրերի առկայությանը, ինչը տոնը տհաճ է դարձնում հանրության մի ստվար հատվածի համար: Եվ սա օրենքով կարգավորվող հարց չէ միայն: Խնդիրը նաև գիտակցության, անձնական տարածքի ընկալման մեջ է: Եթե մարդը չի ցանկանում խաղալ, ջրել, ջրվել, ապա նրան պետք չէ դարձնել այդ խաղի մասնակից ՝ հարկադրական մեթոդներով: Իսկ այն, որ այդ հարկադրական բաղադրիչն ավելի ցայտուն արտահայտվում է արական սեռի կողմից իգական սեռի դեմ և հաճախ ուղեկցում նաև հարակից այլ դրսևորումներով, ցույց է տալիս, որ հայ երիտասարդությունը դեռևս չի ընկալել անձնական տարածքի ու անձնական կյանքի կարևորությունը և դրանց մեջ չմտնելու անհրաժեշտությունը:
Արտակ Ասլանյան