«Սասնա ծռերի» գործ. դատավորը հեռացել է 3 պաշտպանների եւ 2 քաղաքացիների նկատմամբ սանկցիա կիրառելու
Հասարակություն«Սասնա ծռերի» գործի դատաքննության ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընմիջում է հայտարարել եւ հեռացել խորհրդակցական սենյակ՝ քննարկելու երեք պաշտպանների եւ 2 քաղաքացու նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում են, որ խոսքը, մասնավորապես, պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի, Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի մասին է, որոնք հրաժարվել են դատարանի դահլիճ մտնելուց առաջ խուզարկվել եւ չեն մտել ներս:
Ըստ դատավորի նրանք չեն ենթարկվել դատական կարգադրիչների օրինական պահանջին, մինչդեռ փաստաբանները պնդում են, որ զննության անվան տակ իրենց ուզում են խուզարկել, ինչն անթույլատրելի է:
Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա, ըստ դատավորի, նրանք դատավորի ներս մտնելիս ոտքի չեն կանգնել՝ այդպիսով անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:
Նշենք, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղիէ ունենալու «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը. այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: