Անկարան մոտ է Մոսկվայի հետ Ս-400-ի գնման պայմանագրի ստորագրմանը. Թուրքիայի պաշտպանության նախարար
Ուշադրության կենտրոնումԹուրքիան մոտ է Ռուսաստանի հետ Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնման պայմանագրի ստորագրմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, հայտնում է Yeni Şafak պարբերականը:
«Մենք համաձայնագրի կնքման եզրափակիչ փուլում ենք, ոչ մի խնդիր չկա,- ասել է նա: - Ես չեմ կարող նշել ստորագրման ամսաթիվը, սակայն բոլոր դժվարությունները հաղթահարել ենք: Մենք մոտ ենք պայմանագրի ստորագրմանը»:
Հուլիսի սկզբին Ըշըքը տեղեկացրել էր, որ «Թուրքիան աշխատել է Ս-400-ի գնման ֆինանսավորման հարցի ուղղությամբ»:
Հունիսի սկզբին ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել էր, որ «խոսքը չի գնում Թուրքիային Ս-400 գնելու համար վարկ տրամադրելու մասին»:
С-400 «Տրիումֆը» (ՆԱՏՕ-ի որակավորմամբ՝ SA-21 Growler) մեծ եւ միջին հեռահարության ռուսական զենիթահրթիռային համալիր է, որը նախատեսված է օդատիեզերական հարձակման բոլոր ժամանակակից եւ հեռանկարային միջոցների ոչնչացման համար: Այն կարող է խոցել մինչեւ 400 կմ հեռավորությամբ աերոդինամիկ թիրախները եւ մինչեւ 60 կմ հեռավորությամբ՝ մարտավարական բալիստիկ թիրախները, որոնք թռչում են մինչեւ վայրկյանում 4,8 կմ արագությամբ, թեւավոր հրթիռները, մարտավարական եւ ռազմավարական ավիացիայի օդանավերը, բալիստիկ հրթիռների մարտական հատվածները:
ԶՀՀ ռադիոտեղորոշման միջոցները օդային թիրախների հայտնաբերումն ապահովում են մինչեւ 600 կմ հեռավորությամբ: