Ավտոկայարանների զարգացման ծրագիր կմշակվի. առաջարկել է նախարարը
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն առաջարկել է ավտոկայարանների զարգացման ծրագիր մշակել:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են , որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց Աբովյանի եւ Հրազդանի ավտոկայարաններ։
Աբովյան քաղաքի ավտոկայարանի մեծ սպասասրահի տարածքը չի օգտագործվում։ Ավտոկայարանի շենքը հին է, խորհրդային տարիներին կառուցված, բայց լավ պահպանված է։
Տնօրենը նշեց, որ ավտոկայարանը հիմնականում որպես կայանատեղի է ծառայում Երեւան գնացող ու վերադարձող ավտոբուսների համար։ Երբեմն մոտակա շենքերից են ուղեւորներ լինում, բայց հիմնական մասը քաղաքային կանգառներում է սպասում, որովհետեւ ավտոկայարանը բնակելի թաղամասերից հեռու է։ Միջմարզային եւ ներմարզային տրանսպորտն էլ, ըստ ուղղությունների, քաղաքի ծայրամասերից է մեկնում։
Ավտոկայարանի տարածքը նպատակային օգտագործելու նպատակով նախարարն առաջարկեց մշակել ավտոկայարանի զարգացման ծրագիր եւ հանձնարարեց միջոցներ ձեռնարկել՝ բոլոր երթուղիները ավտոկայարանում կենտրոնացնելու համար։
Հրազդանի նախկին ավտոկայարանի տարածքը վաղուց իր նպատակին չի ծառայում։ Շենքի մի մասը վարձակալությամբ է տրված, մյուս մասը՝ վերականգնման ու վերանորոգման կարիք ունի։
Նախկինում տրանսպորտային ցանցն այնպես էր նախատեսված, որ քաղաքային տրանսպորտի երթուղիները ավտոկայարանի մոտով էին անցնում։ Հիմա միջմարզային եւ ներմարզային տրանսպորտը կայանում է ավելի խիտ բնակեցված թաղամասին մոտ տարածքում, բնակիչներին առավել հարմար վայրում։
Այստեղ եւս նախարարը հանձնարարեց դիտարկել ավտոկայարանի հետագա գործունեության հնարավորությունները։
Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց նաեւ Ծաղկաձոր, որտեղ քաղաքապետ Արթուր Հարությունյանի հետ քննարկվեցին երթուղային ցանցին եւ ճանապարհների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր ։