Լևոն Մկրտչյանը` մամուլում որպես անձ առևանգող հիշատակվող նորանշանակ փոխնախարարի մասին
ՔաղաքականությունԿրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողներից մեկի խնդրանքով անդրադարձել է մամուլի հրապարակումներին, համաձայն որոնց նորանշանակ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը հայտնի է որպես անձ առևանգող:
«Դուք որակումներ եք տալիս: Ես իրեն գիտեմ որպես ԱԺՄ անդամ, որը քաղաքական գործունեության մեծ փորձ ունի, շատ դրական հեղինակություն ունի, գիտությունների թեկնածու է, պատգամավոր է եղել, խորհուրդ եմ տալիս իր հետ զրուցել և մամուլում հրապարակումներ տվողներն էլ թող զրուցեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դպրոցներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցնելու հարցին և դրա համար 15 միլիոն դրամ հատկացնելուն, Լևոն Մկրտչյանն ասաց, որ ՀՀ նախագահի նկարը միշտ փակցվել է, անկախ նրանից` ով է եղել ՀՀ նախագահ: «Դպրոցներում փակցում են ՀՀ սիմվոլները: Ես խոսում եմ ՀՀ խորհրդանիշների մասին և ՀՀ նախագահը խորհրդանիշների համակարգում է: Աշխարհի բոլոր երկրներում այդ սկզբունքը կիրառվում է»,-ասաց նա և նշեց, որ գներից տեղյակ չէ:
«Ես չեմ կարծում, որ բյուջեում հատուկ գումար կա, որ տրամադրվում է դրա համար»,-հավելեց նա: