Արցախի նախագահի ընտրություններում երկու թեկնածու է առաջադրվել
ՔաղաքականությունԻնչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 19-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Այս անգամ նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ` ԱԺ-կողմից:
Այսինքն, մինչև 2020 թ.՝ անցումային շրջանի համար նախագահին կընտրի ԱԺ-ն: 2020թ.-ից հետո արդեն կլինեն համաժողովրդական ընտրություններ:
Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
Ըստ փոփոխությունների՝ Արցախը կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարում նախագահական համակարգի։
Այսօր՝ հուլիսի 12-ին, պաշտոնապես ավարտվում է ԼՂ անցումային շրջանի նախագահի թեկնածու առաջադրելու ժամկետը: Եվ ահա, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցությունը ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունը։
Մյուս երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը:
«Վերածնունդ» խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել:
Առաջադրման ավարտից հետո 24 ժամվա ընթացքում կհրապարակվի ԱԺ նախագահի հայտարարությունը՝ նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին: