Արագածոտնի մարզպետը հրաժարականի դիմում է գրել. ՀՅԴ-ն «երիտասարդ կադր» է բերում. անունը հայտնի է
Ուշադրության կենտրոնումԱրագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով, արդեն որոշում ունեն, թե ով կնշանակվի մարզպետ, քանի որ այդ պաշտոնը քվոտայում հանձնվել է ՀՅԴ-ին:
«Երիտասարդ կադր ենք բերելու: Առաջարկելու ենք Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանի թեկնածությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ Աշոտ Սիմոնյանը ծնունդով Արագածոտնի մարզից է, մասնագիտությամբ՝տնտեսագետ:
Հարցին, թե ո՞րն է նման փոփոխության պատճառը, արդյոք ՀՅԴ-ն դժգոհ էր դաշնակցական մարզպետից, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ոչ դժգոհ չենք: Մենք շնորհակալ ենք Գաբրիել Գյոզալյանին: Մի օր մենք էլ ենք փոխվելու»:
Հիշեցնենք, որ Գաբրիել Գյոզալյանը Արագածոտնի մարզպետ էր նշանակվել 2016 թվականի մարտի 3-ին: մամուլի տեղեկություններով ՀՅԴ-ն դժգոհ էր մնացել, երբ ԱԺ ընտրություններում Արագածոտնում կուսակցությունը քիչ ձայն էր ստռացել: