ՄԱԿ-ում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում լարվածության սրմամբ
ՔաղաքականությունՄԱԿ-ում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում լարվածության սրմամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։ Նա հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ ռազմական գործողություններից, ինչպես նաեւ ապագայում իրադրության լարվածությունը թուլացնելու եւ բռնությունը կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը։
«Հունիսի 22-ին իր հայտարարությունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ բոլորս անհանգստացած ենք անվտանգության իրադրության վատթարացման, այդ թվում՝ շփման գծում եւ ԼՂ հակամարտության ավելի լայն գոտում հրադադարի ռեժիմի վերջին խախտումների հետ կապված», - հայտարարել է նա։
«Մենք հաշվի ենք առնում եւ սատարում եռանախագահների վերջին հայտարարությունը (ԵԱՀԿ Միսնկի խումբ) հուլիսի 4-ին Ալխանլու գյուղում բռնության վերսկսման վերաբերյալ, որի հետեւանքով զոհեր են գրանցվել, ներառյալ՝ խաղաղ բնակիչներ», - հավելել է նա։
«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ռազմական գործողություններից եւ առաջարկում լարվածության թույլացման, ինչպես նաեւ ապագայում բռնությունը կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,- ասել է Ստեֆան Դյուժարիկը։ Նա ընդգծել է, որ բանակցությունների սեղանի շուրջ շուտափույթ վերադարձը «երկարատեւ ու վտանգավոր հակամարտությունը» կարգավորելու միակ միջոցն է։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ալխանլու գյուղի մերձակայքից ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են ԼՂՀ զինված ուժերի դիրքերը։ Փոխհրաձգության հետեւանքով 52-ամյա կին եւ 2 տարեկան աղջիկ են զոհվել։ Կնոջ եւ երեխայի զոհվելը ԼՂՀ զինված ուժերի պատասխանի հետեւանքն է եղել։ Հնարավոր է նաեւ, որ ադրբեջանական զինված ուժերն իրենք են գնդակոծել սեփական գյուղը։