ՀՀ ԱԺ-ն հուլիսի 6-ին արտահերթ նստաշրջան կգումարի
Ուշադրության կենտրոնումՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ հուլիսի 6-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երրորդ ընթերցմամբ կքննարկվի «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը։
Բացի այդ, արտահերթ նստաշրջանի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, ՀՀ կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվություն) և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան հաշվետվությունը։
ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում կլսվեն «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության դատախազության 2016 թվականի գործունեության մասին», «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» և «2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումները։