Հալեպ նահանգն ամբողջությամբ մաքրվել է ԴԱԻՇ-ի զինյալներից
ՄիջազգայինՍիրիայի Հալեպ նահանգն ամբողջովին մաքրվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից, որոնք դուրս են մղվել վերջին գյուղերից, որտեղ վերահսկողություն են սահմանել կառավարական ուժերը: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը` վկայակոչելով դիտորդական կենտրոնին:
«ԴԱԻՇ-ը դուրս է մղվել 17 քաղաքից ու գյուղից, և այժմ Հալեպի ողջ տարածքն ազատագրված է 4 տարվա դիմակայությունից հետո»,- հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը:
Վերջինիս խոսքով` կառավարական ուժերը հինգշաբթի գիշերը վերահսկողություն են հաստատել Հալեպի շուրջը գտնվող մայրուղին, որը միացնում է Համա և Ռաքքա նահանգները` ստիպելով ԴԱԻՇ-ի գրոհայիններին փախչել տարածաշրջանից:
Սիրիական ռազմական աղբյուրը հաստատել է իսլամիստների հեռացումը: