Արայիկ Խանդոյանին 15 մարդ դաժան ծեծի է ենթարկել՝ հերթ կանգնելով. պաշտպան
Հասարակություն«Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանը բռնության է ենթարկվել, խոշտանգվել է ամենադաժան ու ամենաանմարդկային ձևով: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է Խանդոյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը:
«Հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի շենքի խցում մոտավորապես 15 մարդ դաժան ծեծի է ենթարկել Արայիկ Խանդոյանին: Ընդ որում, քանի որ խուցը փոքր է եղել, հերթ են կանգնել և հերթով են ծեծել: Պատճառն այն է եղել, որ երբ դատական նիստերի դահլիճից ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին և Սմբատ Բարսեղյանին ծեծելով տարել են, Արայիկ Խանդոյանը բարձրաձայնել է, թե ի՞նչ եք անում: Այդ մարդիկ շարունակել են իր հետ նույնկերպ վարվել»,-մանրամասնել է Պապիկյանը:
Պաշտպանի խոսքով՝ ինքը վստահ է, որ Խանդոյանն առնվազն ուղեղի ցնցում ունի, շատ ցավեր ունի գլխի , երիկամների շրջանում , ոտքերին վնասվածքներ կան :