Ադրբեջանը շարունակում է շփման գծում իրավիճակը սրելու մարտավարությունը. Թեւան Պողոսյան
Ուշադրության կենտրոնումՂարաբաղյան հակամարտության գոտում հերթական սրումն է տեղի ունենում, եւ Ադրբեջանը նման կերպ պարզապես շարունակում է իր մարտավարությունը։ Այս մասին հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է անցնի նոր մարտավարության՝ չվախենալով, որ իրեն կսկսեն ագրեսոր համարել։ «Մենք պետք է հասկանանք՝ ինչպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կբխեն մեր շահերից։ Վատ չէր լինի, եթե մենք հոգեբանական մակարդակում ընկալենք, որ իրադրությունը հեռու է խաղաղ լինելուց եւ չզարմանանք, թե ինչու է Ադրբեջանը նման քաղաքականություն վարում», - հստակեցրեց Պողոսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը պետք է կարողանա օգտվել իրավիճակի փոփոխությունից։
Նախկին պատգամավորը վստահ է, որ հայկական կողմը չպետք է վախենա շփման գծում կամ դիվանագիտական ասպարեզում ժամանակ առ ժամանակ հարձակվելուց ու նախահարձակ լինելուց։
Պողոսյանը նշեց, որ հատկապես շփման գծում պետք է համապատասխան աշխատանքներ տանել՝ հայտնաբերելով ու չեզոքացնելով թերությունները։ «Եթե մեր զինվորը զոհվում է դիպուկահարի կրակոցից, նշանակում է, դիպուկահարը տեսնում է իր թիրախին։ Պետք է այնպիսի մարտավարություն վարել, որ Ադրբեջանը զրո տոկոս հնարավորություն ունենա»,-ընդգծեց Թեւան Պողոսյանը՝ ասելով, որ անհրաժեշտ է պատրաստ լինել աշխատանքին՝ նոր սպառնալիքների պարագայում։
Նախկին պատգամավորը կարծում է, որ ի տարբերություն Արբեջանի, Հայաստանը միջազգային ասպարեզում չի օգտագործում իր հնարավորությունները եւ ամենակարեւորը՝ չունի համապատասխան բառապաշար՝ հայերի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը նկարագրելու ու բնութագրելու համար։
«Միջազգային կազմակերպություններում, որտեղ Ադրբեջանը թեկուզ մի փոքր հնարավորություններ ունի, օգտվում է դրանցից։ Նա դրանք օգտագործում է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։ Տեսավ ԵԱՀԿ գրասենյակը փակելու հնարավորություն, այդպես էլ արեց»,-եզրափակեց Թեւան Պողոսյանը։