Քննարկվել է թունաքիմիկատների մեկուսացման ծրագիրը. Հայաստանը կունենա հատուկ պահպանության տարածք
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում եւ կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագրի ղեկավար խորհրդի արտահերթ նիստ, որը վարեց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ծրագրի տնօրեն Գայանե Ղարաբեբակյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը, Գյուղատնտեսության եւ Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:
«Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում եւ ԿՕԱ-ով վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագրի նպատակն է ակտիվ սողանքային գոտում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում թաղված ԿՕԱ-ների արտաբերումը, փաթեթավորումը եւ ոչնչացման համար տեղափոխումն անվտանգ, մեկուսացված վայր:
Այս նպատակով նախատեսվում է տրամադրել պահեստային շինություն, որը հնարավորություն կտա Հայաստանում ունենալ քիմիական վտանգավոր նյութերի պահպանության պահեստային տարածք` համապատասխանեցված բնապահպանական անվտանգության ապահովման ժամանակակից չափանիշներին:
Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք գաղափարներ եւ տեսակետներ՝ կապված կառուցվելիք պահեստային շինության տեղակայման վայրի, կառուցման ինժեներական լուծումների, ֆինանսական եւ այլ հարցերի հետ։ Հանդիպման ավարտին որոշվեց, որ մոտ ապագայում ծրագրի ղեկավար խորհուրդը հանդես կգա վերջնական որոշմամբ, որից հետո կմեկնարկեն գործնական աշխատանքները։
Հիշեցնենք, որ վերոնշյալ ծրագիրը ստորագրվել է ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՄԱԿ-ի Զարգացման Գործակալության միջեւ եւ ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա խնդիրներում:
Մինչեւ ծրագրի ստորագրումը կազմակերպվել են մի քանի հանրային լսումներ, ինչպես ՀՀ ԱԻ եւ բնապահպանության նախարարությունների, այնպես էլ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության կողմից: Հանրային քննարկումներին մասնակցել են նաեւ բնապահպանական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները: