Կինը հաղորդել է, որ ոստիկանները ձերբակալելիս ծեծել են որդուն, շտապօգնություն է եկել. Գործը ՀՔԾ-ում է
ՀասարակությունՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ Ս. Մ.-ի ներկայացրած հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն իր որդու` բնակարանային կողոպուտի մեջ մեղադրվող Ա. Մ.-ի վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում հայտնել է, որ 01.03.2016թ.-ին որդուն ձերբակալելիս ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի աշխատակիցները վերջինիս նկատմամբ բռնի գործողություններ են կատարել: Հատուկ քննչական ծառայությունում տված նույնաբովանդակ հաղորդմամբ Ս. Մ.-ն պնդել է, որ ոստիկանները ծեծի են ենթարկել որդուն, որի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել: Մայրը հայտնել է նաեւ, որ որդուն բուժօգնություն ցույց տալու համար ոստիկանության բաժին են գնացել Շտապօգնության ծառայության աշխատակիցները:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն: