Վարչապետը եւ Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցության հեռանկարները
Ուշադրության կենտրոնումՎարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունիսի 13-ին, ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնութագրել որպես բարեկամական եւ արդյունավետ՝ վարչապետը կարեւորել է համագործակցության հետագա խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, երկու երկրների գործարար շրջանակների միջեւ կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարներին: Վարչապետ Կարապետյանի առաջարկությամբ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ակտիվ աշխատել էլեկտրոնային կառավարման եւ թվայնացման բնագավառներում փորձի փոխանակման ուղղությամբ:
ՀՀ վարչապետը եւ Էստոնիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ: ԵՄ-ում Էստոնիայի առաջիկա նախագահության համատեքստում Սվեն Միկսերը ներկայացրել է Էստոնիայի նախագահության առաջնահերթությունները: Կողմերն անդրադարձել են ԵՄ-ում Էստոնիայի նախագահության ընթացքում այս տարի կայանալիք գագաթաժողովին, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: