Աննա Ստեփանյանը՝ կեղծ դիտորդ աշխատելու մասին
ՔաղաքականությունԵրեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանը պնդում է, որ ինքը Երեւանի ավագանու ընտրություններում կեղծ դիտորդ չի եղել:
Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում Աննա Ստեփանյանը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ ԿԸՀ-ն արդեն պարզաբանում է տվել:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն ուսուցիչներին, որոնք ընտրությունների ժամանակ ձայներ են հավաքում ՀՀԿ-ի համար, Աննա Ստեփանյանը պատասխանեց, որ կրթական համակարգի ներկայացուցիչը չպետք է լինի քաղաքականացված, բայց նորմալ է, երբ նա դասերից հետո որեւէ գործունեությունը է ծավալում:
Ի դեպ,Աննա Ստեփանյանն ինքը ՀՀԿ-ի ներկայացուցիչ է, բայց հայտարարեց, թե կուսակցական պատկանելիությունը որեւէ կապ չունի իր ստացած պաշտոնի հետ, ինչպես նաեւ ինքը երբեք ընտրությունների ժամանակ որեւէ քարոզ դպրոցում չի իրականացրել:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի, Աննա Ստեփանյանը մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ առանց համապատասխան վկայականի դիտորդական առաքելություն է իրականացրել Երեւանի տեղամասերից մեկում, ինչը արձանագրվել է «Ազատություն» ռադիոկայանի այդ օրվա տեսանյութում:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնը թափուր է մնացել, երբ այդ պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել է Գայանե Սողոմոնյանը՝ Վերահսկիչ պալատի նախկին պետ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանի կինը: