Այս պահին Բագրատաշենում լարված իրավիճակ է. Նաիրա Զոհրաբյանը կոչով դիմեց պատկան մարմիններին
Ուշադրության կենտրոնումԱյս պահին Բագրատաշենում լարված իրավիճակ է, բողոքի ցույց է անցակետի մոտ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ինձ քիչ առաջ այնտեղից զանգահարեցին և հայտնեցին, որ բնակիչներն իրենց օրվա հացն ապահովելու համար ընդամենը մի քանի կիլոգրամ բանջարեղեն են փորձում անցկացնել սահմանը, բայց քանի որ մեր պատկան մարմինները երբեմն իրենց դրսևորում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ, հենց այս պահին բավականին լարված իրավիճակ է այնտեղ»,- ասաց նա։
Դիմելով պատկան մարմիններին՝ Զոհրաբյանը կոչ արեց մաքսանենգությունն այլ տեղերում փնտրել. «Փորձեք հենց հիմա կարգավորել քաղաքացիների խնդիրը։ Քաղաքացին մեղավոր չէ, որ այնպիսի իրավիճակ եք ստեղծել երկրում, որ անցնում է Վրաստանի սահման՝ շատ ավելի էժան բանջարեղեն գնելու՝ իր ընտանիքի կարիքը հոգալու համար: Գնացեք պայքարեն մաքսանենգության դեմ, որտեղ դրա անհրաժեշտությունն իրականում կա: Վստահեցնում եմ, որ դրանք ձեր քթի տակ են» :